ՏԵՄՊՈՒՍ

Home » Խորհրդատվություն » ԿՓԵՀ գործադրումը Հայաստանում

ԿՓԵՀ գործադրումը Հայաստանում

2005թ. մայիսին Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը պաշտո­նա­պես ներգրավվելով Բոլոնիայի գործընթացում, ստանձնեց այդ գործընթացով նախա­տեսված մի շարք ռեֆորմների իրա­կանացման պատասխանատվություն` այդ թվում նաև, ECTS հենքով կրեդի­տային հա­մա­կարգի ներմուծման գործընթաց սկսելու պարտա­վորություն։ 

Բոլոնիայի մասնակից երկրների նախարարական գագա­թա­ժողովը 2010թ. մարտին Բուդապեշտում և Վիեննայում հայտարարեց, 1999 թվականի Բոլոնիայի հռչակագրով նպատակադրված Եվրոպական բարձ­րագույն կրթության տարա­ծաշրջանի (ԵԲԿՏ) պաշտոնական մեկնարկը, ինչը, մի շարք այլ պայմանների համախմբում, որպես կարևորագույններից մեկը, ենթադրում է նաև մասնակից երկրների բարձրագույն կրթության համակարգերում ECTS կրեդիտային հա­մա­կարգի լիարժեք և ավարտուն ներդրվածություն: Կրեդիտային համակարգի ներդրման և իրականացման (կիրարկման) մա­կարդակի գնահատումը[1] հնարավորություն է տալիս կատարել հետևյալ ընդհանրական բնույթի եզրակացությունները։

  1. Կրեդիտային հենքով ուսումնական պլանների վերակառուցումը մեծա­մա­սամբ ընթացել է ճիշտ ուղիով: Հիմնական թերությունը այստեղ կայանում է նրանում, որ կրեդիտների հատկացումը ուսումնական ծրագրի միավորներին (դասընթացեր և կրթա­կան այլ մոդուլներ) առավելապես հիմնված է լսարայանին (կոնտակտային) ժամերի վրա, չի հաշվարկվում մոդուլի հաջող իրացման համար ուսանողից պահանջվող ինքնուրույն աշխատանքի ծավալը՝ կախված այնպիսի կարևո­րագույն գործոններից, ինչպիսիք են ուսումնառության, դասավանդման և գնահատման մեթոդները, ուսումնական պարապմունքի ձևերը և այլն։ Գրեթե բոլոր բուհերը ուսումնական ծրագրի բոլոր միավորներին հատկացրել են համապատասխան կրեդիտներ։
  2. Բուհերի ճնշող մեծամասնությունը ճիշտ է կիրարկում ուսանողներին կրե­դիտ­­ների շնորհման մեխանիզմները, իսկ կրեդիտային համակարգի օգտագոր­ծումը զու­գորդվում է ուսանողների գնահատման բազմագործոն համակարգերի կիրարկմամբ։ Այնուամենայնիվ, գնահատման համակարգերը խիստ բազմազան են, որոշ դեպքերում նաև անհարկի բարդեցված։
  3. Անհատական ուսումնական ծրագրեր, որոնք հիմնված են կրեդիտների կուտա­կողական գործառույթի վրա, գործում են բուհերի 13%-ում:
  4. Համեմատաբար բարվոք է վիճակը ուսանողների ուսման առաջադի­մության և ակադեմիական առաջընթացի չափման մեխանիզմների օգտագործման տեսան­կյունից։ Այդ նպատակով, բուհերի մեծամասնությունը օգտագործում է ուսանողի միջին որակական գնահատականը (GPA) և կուտակած կրեդիտ­ների քանակը՝ որպես ուսումնառության որակական և քանակական ցուցա­նիշներ։
  5. ECTS-ի պահանջներին համապատասխան տեղեկատվական փաթեթներ (կրեդի­տային համակարգով ուսումնառության ուղեցույց և դասընթացների տեղեկագիրք) ստեղծել, հրատարակել և օգտագործում են բուհերի չնչին մասը:
  6. Ուսանողների շարժունությունը և կրեդիտների փոխանցումը եվրոպական բուհերից մեր երկրում դեռևս գտնվում է սաղմնային վիճակում։ Բուհերի միայն 25%-ն է այս ուղղությամբ սկզբնական քայլեր կատարել, իսկ 44%–ը՝ ուսանողական շարժունության ծրագրերում ներգրավված ոչ մի ուսանող չունեն։
  7. Դիպլոմի համաեվրոպական նմուշի պատշաճ հավելված (հայերեն և անգլե­րեն լեզուներով լրացված, շնորհվող որակավորման նկարագրությամբ և այլն) ուսանողներին  տրամադրում են բուհերի մեկ քառորդը:  
  8. Լսարանից դուրս ուսանողների ինքնուրույն աշխատանքները խթանելու և համապատասխան պայմաններ ապահովելու համար բուհերի 25%-ն է միայն որոշակի նպատակաուղղված աշխատանքներ իրականաց­նում համեմատաբար համակարգված ձևով և հետևողականորեն։
  9. ECTS-ի մասին բուհական հանրության իրազեկումը հիմնականում կատար­վում է չհամակարգված կերպով և մեթոդապես անբավարար մակարդակով: Ուսանողների և դասախոսների ճնշող մեծամասնությունը գրեթե տեղյակ չէ կրեդիտային համակարգի նշանակության, հիմնական սկզբունքների և գոր­ծ­առույթների մասին։
  10. Ուսանողների ակադեմիական տվյալների կառավարման էլեկտրոնային պատ­շաճ համակարգեր կիրառում են բուհերի 38%-ը միայն, իսկ 13%–ը ընդհանրապես չունեն նմանատիպ համակարգեր։
  11. Բուհերի մոտավորապես 69%-ում կրեդիտային համակարգի ներդրման և կի­րարկ­ման հետ կապված հարցերը մշտապես գտնվում են բուհի բարձրագույն ղե­կա­վարության և գիտական խորհրդի ուշադրության կենտրոնում։

[1] Գնահատումը իրականացվել է ՀՀ ԿԳՆ պատվերով: Հետազոտությանը մասնակցել է Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ պարոն Ա. Բուդաղյանը և Ս. Մելիքյանը:

%d bloggers like this: